Քաղաքային շարժունակությունը կամ ընդհանրապես քաղաքային տրանսպորտը ուղևորների և ապրանքների փոխադրման մեթոդների և համակարգերի մի համադրություն է, որը ապահովում է ամենօրյա հաղորդակցություն քաղաքի տարբեր մասերի միջև: Այն սոցիալ-տնտեսական կյանքի և քաղաքների ռիթմի հիմնարար կողմերից մեկն է, որի շրջանակներում կյանքի են կոչվում տարբեր տեխնոլոգիաներ, իրականացվում են նորարարություններ, գործունեություն են ծավալում քաղաքաշինական և տնտեսական տարբեր սուբյեկտներ։
Մոդուլներ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Բարի գալուստ քաղաքային շարժունակությանն առնչվող մեր ուսումնական առցանց դասընթացի առաջին մոդուլ։ Ներկայում մոլորակի բնակչության մեծ մասը ապրում է քաղաքներում, իսկ որոշ աշխարհամասերում, օրինակ՝ Եվրոպայում, այդ թիվը հասնում է 75%.-ի, թեպետ իհարկե, պետք է հաշվի առնել, որ քաղաքը, որպես վարչարարական միավոր տարբեր կերպ է սահմանվում տարբեր երկներում։ Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ 57 տոկոսն է ապրում մեր երկրի 49 քաղաքներում։ Թեպետ դժվար է համեմատել 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանն ու մոտ 300 հոգի բնակչությամբ Դաստակերտը, այնուամենայնիվ ընդհանուր առմամբ հենց քաղաքներում են հիմնականում կենտրոնացած այնպիսի ակտիվություններ, ինչպիսիք են աշխատանքը, ուսուցումը, առևտուրը, սոցիալիզացիան, երեխաների դաստիարակությունը և այլն։
Նախորդ մոդուլում մենք ընդհանուր պատկերացում կազմեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքային շարժունակությունը։ Սակայն ինչպես և բազում այլ ոլորտներում, այստեղ էլ արդյունավետության ու հաջողության գրավականներից մեկը կազմակերպչական ու գործնական միջոցառումների հստակ, ճշգրիտ ու հիմնարար պլանավորումն է։ Այն թույլ է տալիս բոլոր ներգրավված կառույցներին ներդաշնակեցնել իրականացվող քայլերը, ձևավորել միասնական մոտեցում շարժունակության խնդիրների բացահայտման ու դրանց լուծման ուղղությամբ։
Նախորդ մոդուլում անդրադարձանք քաղաքային շարժունակության պլանավորման հիմնական սկզբունքներին, տեսանք, թե ինչ է իրենից ներկայացնում SUMP –ն, կամ Կայուն քաղաքային շարժունակության պլանը։ Ինչպես նշում են շատ մասնագետներ, մինչև վերջին ժամանակներս քաղաքային շարժունակության պլանավորման հիմքում ընկած էին դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորված մոտեցումները, որոնք հետագայում տարածում ստացան նաև աշխարհի այլ մասերում, մասնավորապես Եվրոպայում։
Այս մոդուլի մեր եզրափակիչ տեսադասը նվիրված կլինի կայուն քաղաքային շարժունակության խթանման միջոցներին։ Ակնհայտ է, որ ժամանակակից քաղաքներում տրանսպորտային միջոցները հետզհետե ավելի շատ տարածում են ստանում ու ըստ այդմ էլ ավելի շատ տարածություն են զբաղեցնում։ Սա նշանակում է, որ եթե չի կարգավորվում ավտոմեքենաների չափազանց մեծ տարածումը, ապա դրանք հետզհետե դառնում են գերիշխող և դուրս են մղում այլընտրանքային մնացած տարբերակաների մեծ մասը (ինչը մենք նկատում ենք նաև Հայաստանում)։ Նման իրավիճակն իր հերթին խոչընդոտներ է ստեղծում մարդկանց և բեռների արդյունավետ տեղափոխմանն ուղղված մեր ջանքերի համար։