Իմացե՛ք ավելին ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ մասին
Բացահայտե՛ք նոր հորիզոններ
ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
Հին ասացվածքը պնդում է, որ շարժումը կյանք է, թեպետ այն վաղեմի ժամանակներում, երբ առաջին անգամ հնչել են այս բառերը, շարժումը, բնականաբար, ընկալվել է բոլորվին այլ կերպ, քան մենք դա հասկանում ենք այսօր։ Ըստ էության, թեպետ այս ասացվածքը առավելապես վերաբերում է մարդկանց առողջության վրա ֆիզիկական ակտիվության բարերար ազդեցությանը, մենք ներկայումս կարծես թե իրավունք ունենք շրջել այն և արտաբերել հետևյալ կերպ՝ «Կյանքը շարժում է»։ Եվ իրոք, ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց շարժման` որպես գաղափարի, և այդ գաղափարը նյութեղեն իրականության մեջ մարմնավորող տարատեսակ երևույթների։ Մեր պարագայում խոսքը առաջին հերթին զանազան տրանսպորտային միջոցների մասին է, լինեն դրանք հասարակ հեծանիվները (այո, նույնիսկ երեխաներին բաժին ընկնող առաջին եռանիվ տարբերակները), գերժամանակակից էլեկտրական ավտոմեքենաները, թե երկնքում սավառնող գերձայնային ինքնաթիռները։ Այս ամենի միջոցով մենք գնում ենք մանկապարտեզ, դպրոց, աշխատանքի, վերադառնում տուն կամ մեկնում հանգստի հեռավոր երկներ։ Ինչ-որ դեպքերում մենք նախընտրում ենք պարզապես ապավինել մեր սեփական ոտքերին, թեպետ ժամանակակից կյանքի ռիթմը և հասարակական կապերի էությունը մեզ ստիպում են յուրաքանչյուր անգամ ընտրել տեղաշարժվելու այս կամ այն միջոցը։ Տեղաշարժվելու միջոցի ընտրությունը էականորեն պայմանավորված է այն միջավայրով, որտեղ ապրում ենք, և որն էլ իր հերթին զգալիորեն ազդում է մեր տեղաշարժվելու կարողության, կամ եթե օգտագործենք ավելի ընդունված եզրույթը՝ մեր շարժունակության վրա։ Mobility.ամ հարթակը, որը ստեղծել է «Ավտոարտադրողների պաշտոնական ներակայցուցիչների ասոցիացիան» «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում, կոչված է առաջին անգամ մեկ տիրույթում հավաքել ժամանակակից շարժունակությանը առնչվող ուսումնական մոդուլներ, որոնք առաջին հերթին կկրեն ճանաչողական բնույթ, չեն ծանրաբեռնի դիտողներին ոչ արդարացված տեխնիկական մանրամասներով, սակայն թույլ կտան գաղափար կազմել մի ոլորտի մասին, որը անմիջական ու շոշափելի ազդեցություն է թողնում յուրաքանչյուրիս առօրյայի վրա։ Հարթակը օգտակար կլինի նաև այն երիտասարդներին, որոնք դրա օգնությամբ մի գուցե կբացահայտեն մի նոր աշխարհ, որտեղ կցանկանան կերտել իրենց մասնագաիտական ապագան։ Չէ որ, ժամանակակից շարժունակությունը պահանջում է գիտելիքներ և հմտություններ այնպիսի տարբեր ոլորտներից, ինչպիսին են տնտեսագիտությունը, ինժեներությունը, տվյալագիտությունը, բնապահպանությունը, ճարտարապետությունը և այլն։ Այսպիսով նախագծի վրա աշխատած թիմի անունից մաղթում եմ մեզ միացած բոլոր այցելուներին նոր բացահայտումներ շարժունակության վերաբերյալ՝ հույս ունենալով, որ հարթակը կզարգանա նաև հետագայում՝ հարստանալով առաջին հերթին հենց օգտատերերից ստացվող հետադարձ կապի ու պահանջների շնորհիվ։
Ավելին
Մեր դասընթացները
ԿԱՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Քաղաքային շարժունակությունը կամ ընդհանրապես քաղաքային տրանսպորտը ուղևորների և ապրանքների փոխադրման մեթոդների և համակարգերի մի համադրություն է, որը ապահովում է ամենօրյա հաղորդակցություն քաղաքի տարբեր մասերի միջև: Այն սոցիալ-տնտեսական կյանքի և քաղաքների ռիթմի հիմնարար կողմերից մեկն է, որի շրջանակներում կյանքի են կոչվում տարբեր տեխնոլոգիաներ, իրականացվում են նորարարություններ, գործունեություն են ծավալում քաղաքաշինական և տնտեսական տարբեր սուբյեկտներ։
Գրանցվել
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերջին ժամանակներում տարբեր աղբյուրներից հաճախակի կարող ենք լսել «Կայուն զարգամցան նպատակներ» եզրույթը, որը սահմանել է Միացյալ ազգերի կազմակերպությունը և դրա ներքո միավորել մարդկության առջև կանգնած մի շարք առաջնային խնդիրների լուծմանն ուղղված տեսլական։ Այդ խնդիրների շարքում, ի թիվս առողջապահության, կրթության, հավասարության, խաղաղության և այլ կարևոր հասկացությունների հիաշատակվում են մատչելի և մաքուր էներգետիկան, կլիմայի պաշտպանությունն ու կայուն զարգացող քաղաքներն ու համայնքները։
Գրանցվել
Գյումրի քաղաքի Կայուն շարժունակության ինդեքսի թվային քարտեզ
Վանաձոր քաղաքի Կայուն շարժունակության ինդեքսի թվային քարտեզ