ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ԹԵՄԱ 6
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ


Եկեք մինչև հայտարարված թեմային անցնելը մի պահ մտածենք այն մասին, թե ինչպես ենք մենք սովորաբար ընկալում մեր քաղաքներում գործող տրանսպորտային համակարգերը։ Արդյո՞ք մենք հասկանում ենք դրանց բարդությունը, բազմագործոն կառուցվածքը, ինչու ոչ, նաև վերը հիշատակված առանձնահատկություններից բխող անկանխատեսելիությունը։ Եվ հակառակը, ինչու ենք շատ ավելի հեշտ նկատում համակարգում պարբերաբար գրանցվող բացթողումները, օրինակ, ուշացումները և այլն։

Ըստ այդմ, յուրաքանչյուր քաղաքի համար տրանսպորտային համակարգերի առջև կանգնած խնդիրներն ու մարտահրավերները տարբեր են։ Բայց նույնիսկ այս պարագայում կարելի է առանձնացնել դրանցից մի քանիսը, որոնք քիչ թե շատ կարող են կրել համապարփակ բնույթ։ Հենց այս խնդիրների և մարտահրավերների ճիշտ գնահատումն է, որ հնարավորություն է տալիս համակարգի ներդրման, կառավարման և սպասարկման գործընթացին ներգրավված կառույցներին կայացնել կշռադատված, տվյալահեն ու օպտիմալ որոշումներ։

Երբ խոսքը հասնում է քաղաքային տրանսպորտի էլեկտրականացմանը, սովորաբար առանձնացնում են հետևյալ չորս մարտահրավերները․
• միաժամանակյա անցում էլեկտրական շարժիչներին և վերականգնվող էներգիային,
• ենթակառուցվածք և ավտոմեքենաներ. ո՞րն է առաջնահերթ,
• տարածքի կառավարում,
• մատչելիություն:

Այս կետերից առաջինը, ըստ էության, դուրս է այս մոդուլի շրջանակներում մեզ հետաքրքրող խնդիրներից, քանի որ առնչվում է առավել ընդհանուր քաղաքականություններին։
Սակայն մնացած բոլոր կետերին կանդրադառնանք ավելի մանրամասն։

Ուսումնասիրելով ենթակառուցվածքների և ավտոմեքենաների շուկայի զուգահեռ զարգացման հարցերը՝ հետազոտողները դրանք համեմատում են դասական «ձվի ու հավի» խնդրի հետ, քանի որ այդ երկու գործոնները դժվար է դիտարկել մեկը մյուսից անկախ։ Ենթակառուցվածքների զարգվածությունը, ըստ տարբեր երկներում կատարված հարցումների, ավտոմեքենայի արժեքի ու ընթացքի պաշարի հետ մեկտեղ, հանդիսանում է սպառողների որոշումների վրա ազդող հիմնական գործոններից մեկը։

Ենթակառուցվածքների, մասնավորապես լիցքավորման կայանների, զարգացման հարցում, կարևոր է պատասխանել հետևյալ երեք հարցերին․
• ծավալ՝ լիցքավորման կետերի ճշգրիտ հաշվարկված քանակություն,
• տեղանք՝ լիցքավորման կետերի կառուցումը ճշգրիտ ընտրված կետերում,
• տեսակ՝ լիցքավորման կայանի տեսակի ընտրությունը (դանդաղ կամ արագ):

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է էական առաջընթաց ինչպես էլեկտրական ավտոմեքենաների թվի աճի, այդպես էլ լիցքավորման կայանների կամ առանձին կետերի տարածվածության առումով։ Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի տվյալներով, Հայաստանում գրանցված էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների թիվը մոտ է 15 հազարին, իսկ հասարակական լիցքավորման կայանների թիվը, որը մշտապես աճում է, տարբեր տվյալներով կազմում է 200-250։ Ըստ այդմ, կլորացնելով թվերը և վերցնելով առավել լավատեսական ցուցանիշները, պարզում ենք, որ մեկ լիցքավորիչը պետք է «սպասարակի» 60 ավտոմեքենա։ Համեմատության համար նշենք, որ համաշխարհային միջին ցուցանիշը 2021 թվականի տվյալներով կազմում էր մոտ 9 ավտոմեքենա յուրաքանչյուր լիցքավորիչի հաշվարկով։ Այս թիվը մոտ է դեռևս 2014 թվականին ԵՄ սահմանած «Այլընտրանքային վառելիքի ենթակառուցվածքների վերաբերյալ կարգադրությանը» (https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A02014L0094-20211112), որը սահմանում է, որ ԵՄ երկներում նշված համամասնությունը պետք է լինի 10-ից ցածր։

Ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես նաև շատ այլ՝ նույնիսկ էլեկտրական շարժունակությանն անցման տեսանկյունից առաջատար համարվող երկրներում, ինչպիսին է, օրինակ, Նորվեգիան, ենթակառուցվածքների ընդլայնման տեմպերը հետ են մնում շուկայի զարգացման տեմպերից, ինչը նշանակում է, որ այս առումով դեռևս շատ անելիք կա, ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ գետնի վրա կատարվող աշխատանքների տեսանկյունից։
Գալով երկրորդ կետին՝ պետք է փաստենք, որ բացի լիցքավորման կայանների կամ կետերի ընդհանուր թվաքանակից, անչափ կարևոր է դրանց տեղադրման վայրի օպտիմալ ընտրությունը։ Օրինակ, ավտոբուսային պարկի դեպքում, պարտադիր է հաշվարկել պայմանական դեպոյում գիշերային ժամերին դանդաղ և երթուղու վերջնակետում արագ լիցքավորման հնարավորությունները։ Նույնը արդիական է նաև այն մասնավոր կազմակերպությունների համար, որոնք կնախընտրեն իրենց ավտոպարկը համալրել էլեկտրական վեներով??գուցե 2 ն-ով?? կամ բեռնատարներով։ Կարիքների տեսանկյունից ճշգրիտ գնահատումը այս պարագայում կօգնի նաև չվատնել դրամական միջոցները ներդրումներ կատարելու փուլում։

Վերը բերված դատողությունները հանգեցնում են մեզ նաև երրորդ կետին՝ լիցքավորման կայանի տեսակի ճիշտ ընտրությանը։ Մի կողմից՝ արագ լիցքավորիչները առավել հարմարավետ են՝ ժամանակի տնտեսման տեսնակյունից։ Մյուս կողմից՝ հաճախ հնչում են կարծիքներ, որ դանդաղ լիցքավորումը թույլ է տալիս հնարավորինս երկարաձգել էլեկտրական ավտոմեքենայի մարտկոցի ռեսուրսը։ Բացի այդ, անպայման պետք է հաշվի առնել էլեկտրական ցանցերի աշխատանքի ռեժիմը և հաշվարկել հնարավոր ծանրաբեռնվածությունը։

Վերը հիշատակված մարտահրավերներից է նաև տարածության օպտիմալ օգտագործումը, ինչը ակնհայտորեն արդիական է դառնում քաղաքների պայմաններում։
Քաղաքները սովորաբար ավելի խիտ են բնակեցված, ինչը ընդլայնում է շարժունակության օպցիաների ընտրությունը։ Միևնույն ժամանակ, սա նշանակում է, որ էլեկտրականացման ցանկացած գաղափար, որը անտեսում է տարածական ծավալման բաղադրիչը, ի սկզբանե դատապարտված է անհաջողության։
Թեպետ Հայաստանում ներկայումս քննրակվում է տրանսպորտի էլեկտրականացման ազգային ռազմավարությունը, այս առումով մեր երկիրը դեռևս բավական անելիք ունի, առավելևս, եթե համեմատենք եվրոպական երկների հետ։ Վերջիններից շատերը նախատեսում են արդեն մինչև 2035 թվականը դադարեցնել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը։ Սա նշանակում է, որ դրան հաջորդող 7-10 տարիների ընթացքում էականորեն կփոխվնե նաև լիցքավորման կայանների կամ կետերի հանդեպ պահանջները։
ՏԱՐԱԾՔ
Այս մարտահրավերը անմիջականորեն կախված է նաև մեր ցանկի երրորդ կետի հետ. որքան և ինչ տիպի տարածք պետք է տրամադրել քաղաքային սուղ ռեսուրսներից էլեկտրական շարժունակության ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ լիցքավորման կայանների համար։
Բացի այդ, էլեկտրական շարժունակության որոշ տրանսպորտային բաղադրիչներ, օրինակ, էլեկտրական հեծանիվները, անհատական սքութերները կամ հենց հասարակական տրանսպորտը, կրիտիկական կերպով կախված են հասանելի տարածությունից։ Եթե չկան համապատասխան հեծանվուղիներ, էլեկտրական հեծանիվները դժվար թե կարողանան դառնալ տեղաշարժման լավագույն միջոցը։ Գրեթե նույնը կարելի է ասել հասարակական տրանսպորտի գրավչության մասին, եթե այն անընդհատ ստիպված է լինելու ժամանակ կորցնել խցանումների մեջ։

Այս ամենով հանդերձ` տարածքային մարտահրավերը իր մեջ պարունակում է երեք փոփոխական.
• լիցքավորման ցանցի կառուցվածքը,
• ավտոմեքենաների թիվը,
• ավտոմեքենաների տեսակը:
Բոլոր այս կետերը իրենց հերթին կարելի է դիտարկել նաև մատչելիության տեսանկյունից։

ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Մատչելիության խնդիրը կարելի է դիտարկել երկու հարթության մեջ։
ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ։ Էլեկտրական շարժունակությունն ապահովող լուծումները պետք է լինեն կենսունակ և տնտեսապես շահավետ քաղաքների և դրանք առաջարկող ընկերությունների համար։
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ։Մեզ նաև անհրաժեշտ է վստահ լինել, որ այդ լուծումները հասանելի կլինեն յուրաքանչյուրին, միևնույն ժամանակ նվազեցնելով արտանետումների մակարդակն ու ընդլայնելով մարդկանց հնարավորությունները։
Նշվածը հավասարաչափ վերաբերում է ինչպես տրանսպորտային միավորներին, այդպես էլ դրանց աշխատանքը ապահովող ենթակառուցվածքներին։

Այս առումով մեծ դեր կունենա տեխնոլոգիաների զարգացումը, որը արդեն իսկ թույլ է տվել զգալիորեն նվազեցնել մարտոկցային փոխադրամիջոցների արժեքը։ Կարելի է ակնկալել, որ նույնը սպասվում է նաև ենթակառուցվածքներին, մասնավորապես, լիցքավորման կայաններին։
Այս թեմային առնչվող որոշ այլ մանրամասներ կարող եք գտնել մոդուլի բովանդակության մեջ։

Թեստ