ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՈՒՄ
ԹԵՄԱ 1
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Ինչու՞ ենք մենք կարևորում քաղաքների դերը կայուն շարժուանկության նպատակներին հասնելու գործում։ 
Առավել ակնհայտ պատասխանը հետևյալն է․
Զարգացած երկների բնակչության առնվազն կեսից ավելին (իսկ Եվրոպայի պարագայում այս թիվը գերազանցում է 70 տոկոսը) ապրում է ուրբանիստական միջավայրում։ Այստեղ են կենտրոնացած հիմնական արտադրությունները և քաղաքներում են սկսվում և ավարտվում բոլոր հիմնական լոգիստիկ կապուղիները, ինչը նշանակում է, որ հենց քաղաքաներում է գործում առավել խիտ տրանսպորտային ցանցը։ Եթե մի կողմ թողնենք արդյունաբերությունը, ապա տրանսպորտը սպառում է Եվրոպայում արտադրվող էներգիայի շուրջ 23 տոկոսը։

Մյուս գործոնը, որը ստիպում է առաջնահերթ կերպով ուշադրություն դարձնել քաղաքային շարժունակության վրա, այն է, որ հենց քաղաքներում է ձևավորվում ժամանակակից մշակույթը, ընդ որում, մշակույթ ասելով, մենք ի նկատի ունենք դրա առավել լայն դրսևորումները, ներառյալ մարդկանց առօրյա վարքագիծը, կենացաղային նախընտրությունները, մտածելակերպը և այլն։ Ավելի պարզ ձևակերպմամբ, հիմնականում հենց քաղաքներում են ծնվում նոր գաղափարները, շարժումները, մտածողության նոր ձևերը և այլն։ Եվ ուրեմն, եթե մենք կարողանանք դրական ազդեցություն ունենալ քաղաքային միջավայրում մարդկանց կենսագործունեության ձևերի, մասնավորապես՝ շարժունակության վրա, մեծ է հավանականությունը, որ այդ ազդեցությունը կտարածվի նաև քաղաքներից դուրս։

Բացի այդ, քաղաքները աչքի են ընկնում բնակչության խտության բարձր մակարդակով, ինչի հետևանքով համեմատաբար փոքր տարածության վրա հնարավոր է հայտնաբերել բազում խնդիրներ և միաժամանակ գտնել դրանց լուծման հնարավորությունները։ Բնակչության խտությունը, անհատական և հասարակական, ինչպես նաև կոմերցիոն տրանսպորտային միջոցների կենտրոնացումը նման պայմաններում նպաստում է վթարների, խցանումների, աղմուկի, արտանետումների և այլ տհաճ երևույթների մակարդակի աճին։ Սակայն շարժունակության տեսանկյունից, բնակչության խտությունը նշանակում է, որ տվյալ տարածության մեջ մարդկանց միմյանցից բաժանող տարածությունը ֆիզիկապես կրճատվում է, ինչը թույլ է տալիս դիտարկել տեղաշարժվելու այլընտրանքային եղանակներ, օրինակ, ոտքով քայլելը կամ հեծանիվ վարելը։ Մեծանում է նաև փոխադրամիջոցների ընտրությունը. քաղաքներում հասանելի է հասարակական տրանսպորտը, այստեղ կարելի է օգտվել քարշերինգից, անհրաժեշտության դեպքում ապավինել անհատական շարժունակության միջոցներին, ընդ որում ասվածը հավասարաչափ արդիական է նաև բեռների տեղափոխման տեսանկյունից։

Քաղաքներում արտադրվող էներգիան կարող է հեշտությամբ սպառվել հենց նույն քաղաքներում՝ ընդգրկվելով և ազդելով նաև քաղաքային շարժունակության առանձնահատկությունների վրա։ Այդ առումով բազում հնարավորություններ են ծագում նաև բնապահպանական և քաղաքային բնակչության կյանքի որակի բարելավման տեսանկյուններից։

Ինչու՞ ենք այսօր մենք կարևորում էլեկտրականացումը։ Առաջին ու առավել պարզ պատասխանն այն է, որ այս տեխնոլոգիան մեզ վաղուց ծանոթ է, ինչպես նաև բավականաչափ զարգացած ու անվտանգ` լանածավալ կիրառումն ապահովելու համար։ Եվ այս ամենը նաև այն պարագայում, որ բազում այլ տեխնոլոգիաներ, որոնք դիտարկվում են որպես այլընտրանք, դեռևս չեն կարող աչքի ընկնել նման բնութագրերով։ Փոխարենը, մենք արդեն իսկ տեսնում ենք, ինչպես են էլեկտրական փոխադրամիջոցները հետզհետե ավելի հաճախ հանդիպում մեր փողոցներում։ Առաջին հերթին խոսքը, իհարկե, անհատական շարժունակության միջոցների և էլեկտրական ավտոմեքենաների մասին է։
Էլեկտրականացումը նաև արդյունավետ է օգտակար գործողության գործակցի տեսանկյունից։ Ներքին այրման շարժիչների մեջ վառելիքի այրման հետևանքով առաջանում է մեծ ծավալի ջերմային էներգիա, որը անմիջապես չի ներդրվում շարժունակության խնդիրները լուծելու մեջ։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ մենք արդեն այսօր կարող ենք ավելի շատ ապավինել էլեկտրանէներգիային, առանց այլընտրանքային էներգիայի աղբյուրներին ամբողջական անցմանը սպասելուն։ Թեպետ շատ մասնագետներ այսօր կասկածի տակ են դնում էլեկտրական ավտոմեքենաների կենսական ցիկլի կտրվածքով բնապահպանական դրական ազդեցությունը, քաղաքային իշխանությունները կարող են ինքնուրույն մշակել այդ ոլորտի քաղաքականությունները՝ հիմնվելով տեղական առանձնահատկություններից։
Հայաստանի պարագայում տրանսպորտի էլեկտրականացումը ունի ևս մեկ դրական կողմ։ Այն թույլ կտա շոշափելիորեն նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքի ներմուծումից, առավելևս այն պահից, երբ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ աճի այլընտրանքային, մասնավորապես՝ արևային, էներգիայի կիրառման մասնաբաժինը։ 
Այն
- արդյունավետ է,
- հասանելի է,
- և նվազեցնում է կախվածությունը էներգակիրներ արտահանող այլ երկներից։

Հենց այս երեք գործոններն էլ, մեր կարծիքով, թույլ են տալիս դիտարկել տրանսպորտի էլեկտրականացումը որպես կայուն քաղաքային շարժունակության խնդիրների լուծման առաջնահերթ միջոցներից մեկը։

Ընդգծելով քաղաքային շարժունակության էլեկտրականացման առավելությունները՝ կուզենայի շեշտել նաև, որ չափազանց սխալ կլիներ այն դիտարկել որպես ինչ-որ կախարդական միջոց, որը թույլ կտա արագ, հեշտ ու մեկընդմիշտ լուծել ներկայիս բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։
Ակնհայտ է, որ շատ դեպքերում ոտքով քայլելը կամ հեծանիվով տեղաշարժվելը կարող են լինել շատ ավելի արդյունավետ լուծում, քան ցանկացած տեսակի տրանսպորտ, լինի դա ներքին այրման շարժիչով աշխատող հին ու մաշված ավտոբուս, թե գերժամանակակից էլեկտրական շաթլ։ Նշված եղանակները նաև ավելի մաքուր ու արդյունավետ են, երբ դիտարկում ես դրանք օդի աղտոտվածության կամ տարածության օգտագործման տեսանկյունից։ Սակայն, ակնհայտ է, որ մենք չենք կարող ընդհանրապես հրաժարվել մոտորիզացված տրանսպորտային միջոցներից և պարտադրել մարդկանց տեղաշարժվել միայն սեփական ոտքերի ուժի հաշվին՝ անկախ նրանից, թե ինչ տարածություն է նրանց անհրաժեշտ հաղթահարել։

Սա նշանակում է, որ մենք, այնուամենայնիվ, կարիք կունենանք օգտվելու էներգիայի արտաքին աղբյուրներից։ Եվ այստեղ է, որ էլեկտրաէներգիայի լայն ու նպատակային կիրառությունը կարող է դառնալ կարևոր ու որոշիչ գործոն, որի շնորհիվ մարդկանց ու բեռների ակտիվ տեղաշարժը հնարավոր կլինի իրականացնել նաև առանց մթնոլորտը աղտոտելու։
Այս աոռւմով նաև կարևոր է չկրկնել անցյալի սխալները։ Չէ՞ որ էլեկտրական ավտոմեքենաները ընդհանուր նշանակության ճանապարհներին հայտնվել են առնվազն ոչ ավելի ուշ, քան այնուհետև լայն տարածում ստացած ներքին այրման շարժիչով փոխադրամիջոցները։ Այսպես, առաջին էլեկտրական հասարակական տրանսպորտը կիրառվել է դեռևս 1907 թվականին, իսկ շատ ու շատ ավտոարտադրողներ, ինչպիսին են, օրինակ Porsche-ն կամ Nissan-ը ընդհանրապես իրենց ճանապարհը ավտոմոբիլային արդյունաբերությունում սկսել են հենց էլեկտրական մոդելներից։ Մինչև 1930-ականները էլեկտրական ավտոմեքենաները նույնքան տարածում ունեին, որքան և այլ տարբերակները, սակայն դրանք հետզհետե զիջեցին իրենց տեղը ավելի պարզ ու արագ լիցքավորվող ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներին։ Դրա գլխավոր պատճառն, իհարկե, առաջին հերթին լիցքավորման և էներգիայի կուտակման տեխնոլոգիաների անկատարությունն էր։ Երկրորդ որոշիչ գործոնը նավթի ու դրանից ստացվող վառելիքի էժանացումն էր։

Այսօր, կարծես թե, պատկերը զարգանում է հակառակ ուղղությամբ։ Շատ ու շատ երկներում ներքին այրման շարժիչների համար նախատեսված վառելիքը թանկ է, մինչդեռ էլեկտրաէներգիան` համեմատաբար մատչելի։ Ավտոարտադրողները և հարակից ոլորտների մասնագետները լուրջ առաջընթաց են գրանցել մարտկոցների արտադրության և դրանց լիցքավորման տեխնոլոգիաների հարցում։ Շարժունակության էլեկտրականացման լավատեսական հեռանկարների առումով բարենպաստ գործոն կարելի է համարել նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների լայնածավալ կիրառութjունը, թեպետ հասկանալի է, որ դրանց հասանելիությունը հավասարաչափ չի բաշխված բոլոր տարածաշրջաններում։
Սա նշանակում է, որ մայրցամաքից մայրցամաք, երկրից երկիր և նույնիսկ քաղաքից քաղաք նշված անցումը կարող է իրականացվել տարբեր սցենարներով, եղանակներով և ժամկետներում։

Թեստ