ԹԵՄԱ 7
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Մեր ընդհանուր թեմայի այս վերջին մոդուլը հիմնականում նվիրված կլինի քաղաքների առջև կանգնած մարտահրավերների պրակտիկ լուծումներին և դրանց իրականացման հեռանկարներին։
Նախորդ մոդուլների շրջանակներում քննարկված մարտահրավերների լուծման համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ հորինել էլեկտրական հեծանիվ։ Աշխարհի շատ ու շատ քաղաքներում արդեն իսկ կան կիրառվող մոդելներ, որոնք կարելի է ոչ միայն ուսումնասիրել, այլև ցանկության դեպքում հարմարեցնել այս կամ այն բնակավայրի կարիքներին։
Այս տեսադասի ընթացքում մենք կփորձենք դիտարկել մի քանի օրինակներ, որոնք թույլ կտան պատկերացում կազմել խնդրո առարկային առնչվող լուծումների մասին։
Ինչպես երևի հիշում եք, շարժունակության տրանսպորտային բաղադրիչի էլեկտրականացման գործընթացների ժամանակ հիմնական մարտրահրավերներից են վերականգնվող էներգիայի ծավալներն են և էլեկտրական փոխադարմիջոցների ու դրանց սպասարկող ենթակառուցվածքի համար բավարար տարածություն ապահովելը: Քաղաքային տրանսպորտի էլեկտրականացումը չի կարող ապահովել առավելագույն արդյունավետություն` առանց առաջին գործոնը լավագույնս լուծելու, իսկ երկրորդ գործոնի անտեսումը իր հերթին կզրոյացնի այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման բարերար ազդեցությունը։ Իրավիճակը բարդանում է այն պարզ պատճառով, որ այս երկու խնդիրն էլ պետք է լուծել միաժամանակ։
Այս միմյանց շղթայված մարտահրավերների լավագույն լուծումներից մեկը այս պահի դրությամբ, կարծես թե, գտել են Ամստերդամում։ Դրա գլխավոր առանձնահատոկությունը էներգիայի արտադրության ու ենթակառուցվածքների զարգացման անմիջական ու գործնական փոխկապակցվածությունն է։
Ամստերդամի քաղաքային իշխանությունները որդեգրել են մինչև 2030 թվականը «Զրոյական արտանետման գոտի» ստեղծելու ծրագիրը, որը ներառում է ինչպես ավտոմեքենաներն ու բեռնատարները, այնպես էլ քաղաքային տրանսպորտը, երկանիվ փոխադրամիջոցներն ու նույնիսկ նավերը։ Սա նշանակում է, որ բոլոր այդ կետերում դրական արդյունքի հասնելու համար Ամստերդամը էլ ավելի արագ պետք է անցում կատարի դեպի էլեկտրական շարժունակություն։ Այս անցման նախապայմաններից մեկն էլ խելացի ու մաքուր լիցքավորման կայանների առկայությունն է։
Ներկայումս Ամստերդամում հաշվվում են ավելի քան 5000 հանրային լիցքավորման կետ և շատ ավելի շատ կիսահանրային և մասնավոր լիցքավորիչներ, որոնք տեղադրված են ողջ քաղաքով մեկ։ Քաղաքը նպատակ է սահմանել մինչև 2025 թվականը եռապատկել կամ նույնիսկ քառապատկել լիցքավորման կետերի թիվը։ Սա նշանակում է, որ պետք է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը և ընդլայնել ցանցի կարողությունները՝ բավարարելու աճող պահանջարկը։
Հարկ է նշել, որ այս մարտահրավերը կարելի է պատկերավորել երկու ցուցանիշով.
• միջինում մեկ էլեկտրական ավտոմեքենան տարեկան սպառում է 3000 կՎտ/ժ էներգիա, ինչը քիչ թե շատ համարժեք է մեկ տնային տնտեսության միջին տարեկան սպառման ցուցանիշին,
• մեծ էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորումը 7-11 կՎտ հզորությամբ կայանից մի քանի ժամվա ընթացքում գրեթե 10 անգամ գերազանցում է մեկ տնային տնտեսության պիկային պահանջարկը։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե տնային տնտեսությունների գոնե կեսը, էլ չենք խոսում բոլորի մասին, որոշեն անցում կատարել էլեկտրական փոխադրամիջոցների։ Սա մեզ թույլ է տալիս ևս մեկ անգամ ընդգծել այն միտքը, որին բազմիցս անդրադարձել ենք այս դասընթացում։ Էլեկտրական շարժունակությունը ավելին է, քան պարզապես ներքին այրման շարժիչով ավտոմեքենաները էլեկտրականներով փոխարինելը։
Այս մարտահրավերը հաղթահարելու համար Ամստերդամի քաղաքային իշխանությունները որդեգրել են համապարփակ մոտեցում, որը ներառում է հետևյալ կետերը.
• Մոտակա հինգ տարիների ընթացքում կառուցվելիք շուրջ 20000 լիցքավորման կայանները և կետերը կաշխատեն վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով,
• Նախատեսվում է էականորեն մեծացնել արևային էներգիայի տեղային արտադրությունը՝ հասցնելով արևային կայաններով համալրված տնային տնտեսությունների թիվը 5000-ից մինչև 92000։
Քաղաքը կընդլայնի Flexpower Smart (https://www.youtube.com/watch?v=xNNU4MWhpvM) լիցքավորման ցանցը, որը օպտիմալացնում է էլեկտրականության բաշխումը լիցքավորման կայաններին՝ հիմնվելով պիկային սպառման պատկերի և իրական ժամանակում վերականգնվող էներգիայի արտադրության ցուցանիշներից։ Սա նշանակում է, որ ցանցին միացրած կայանները կարող են աշխատել արագ ռեժիմում, երբ գրանցվում է էներգիայի ավելցուկ, և նվազեցնում է լիցքավորման արագությունը այն ժամերին, երբ տնային տնտեսություններում աճում է պահանջարկը, օրինակ,՝ երեկոյան ժամերին։
Այս ամենը թույլ է տալիս փաստել, որ Ամստերդամի քաղաքային իշխանությունները ցուցաբերել են համապարփակ մոտեցում՝ կապելով էլեկտրական շարժունակության ռազմավարությունը կայուն շարժունակության և վերականգնվող էներեգետիկայի զարգացման ռազմավարությունների հետ, ընդ որում ինչպես պետական, այդպես էլ տեղական մակարդակով։ Պատահական չէ, որ Ամստերդամի մոտեցումը ոգեշնչել է նաև այնպիսի քաղաքքների իշխանություններին, ինչպիսին են Կոպենհագենը, Բրյուսելը, Բերգենը և այլն։
Նախորդ մոդուլում դիտարկած մարտահրավերների ցանկում առանձնակի տեղ են զբաղեցնում տարածքի մտածված և արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը։ Ժամանակակից քաղաքների ճնշող մեծամասնությանը բնորոշ են սահմանափակ տարածքում ավտոմեքենաների անընդհատ մեծացող կուտակումները։ Սա այն պարագայում, երբ մեզ անհրաժեշտ է նաև հավելյալ տարածություն ենթակառուցվածքների և լոգիստիկ լուծումների համար։
Ինչպես և Ամստերդամի դեպքում, յուրաքանչյուր քաղաք յուրովի է մոտենում այս խնդրին՝ առաջարկելով այնպիսի լուծումներ, որոնք ընկալելի, ընդունելի և ներդաշնակ կլինեն ինչպես քաղաքի զարգացման ծրագրերին, այդպես էլ կնպաստեն քաղաքի բնակիչների վարքագծի ձևափոխմանն ու շարժունակության նոր կայուն մոդելի ի հայտ գալուն։ Այսպես, օրինակ, գերմանական Բրեմեն քաղաքի համար մասնագետները հաշվել են, որ քարշերինգի կամ ավտոմեքենաների համօգտագործման ծառայության շնորհիվ յուրաքանչյուր ավտոմեքենա վազքի տեսանկյունից կարող է փոխարինել մինչև 16 նմանատիպ մասնավոր ավտոմեքենա։ Իսկ կայանատեղիների տեսանկյունից սա թույլ է տալիս հասանելի դարձնել ընդհանուր առմամբ շուրջ 30 կիլոմետր երկարությամբ մայթերին հարակից տարածք։
Մյուս կողմից հասկանալի է, որ քաղաքային տարածությունների օգտագործումը բավական զգայուն հարց է և հաճախ խաղարկվում է քաղաքական տիրույթում։ Չի կարելի թերագնահատել նաև սուբյեկտիվ գործոնները, օրինակ, այն, որ ավտոմեքենան փոխադրամիջոց լինելուց բացի նաև սեփականատիրոջ կարգավիճակը ընդգծող առարկա է, որից դժվար է հրաժարվել։ Սա ևս ենթադրում է, որ լուծումները պետք է ներառեն նաև լայնածավալ ու բազմակողմանի հասարակական քննարկումներ և տեղեկատվական արշավ։ Հենց այդ ճանապարհով են արդեն իսկ հիշատակված Բրեմենի իշխանությունները հասել այն իրավիճակին, որ քաղաքի ներսում ուղևորափոխադրումների մոտ 25 տոկոսը բաժին է ընկնում հեծանիվներին։ Բացի այդ ստեղծվել են հատուկ կետեր, որոնք դիտարկվում են որպես քարշերինգի համակարգի հանգույցներ, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին բավական ճկուն կերպով կազմակերպել իրենց տեղաշարժը քաղաքում՝ անհրաժեշտության դեպքում անցում կատարելով մի փոխադրամիջոցից մյուսին։ Հատկանշական է, որ նույն մոդելը կիրառվում է նաև քաղաքային ադմինիստրացիայում, որը հրաժարվել է սեփական ավտոպարկից և ապավինել է քարշերինգի զարգացաց համակարգին։
Եվ ամփոփելով մեր հիշատակած հնարավոր մարտահրավերների ու դրանց լուծումների թեման՝ անդրադառնանք մատչելիությանը։ Այն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ․ «Մենք կարիք ունենք էլեկտրական շարժունակությունը դարձնել նաև բիզնես գաղափար և միևնույն ժամանակ ապահովել դրա մատչելիությունը հասարակ քաղաքացիների համար»:
Այս առումով օրինակելի է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան։ Այստեղ առանձնակի ուշադրություն են դարձնում ինչպես մատչելիությանը, այնպես էլ տարածքի արդյունավետ օգտագործմանը։ Քաղաքում գործարկվել է ԿԱՎԱԼԻՐՍ կոչվող ծրագիրը, որի շրջանակներում էլեկտրական փոխադրամիջոցներ են տրամադրվում տարիքով մարդկանց, շարժողական խնդիրներ ունեցողներին, զբոսաշրջիկներին, որոնց միջոցով միայն կարելի է մուտք գործել քաղաքի պատմական կենտրոն, ընդ որում` կիսելով տարածքը հետիոտների հետ։
Յուրաքանչյուր նման փոխադրամիջոց զարգացնում է մոտ 25 կմ/ժ արագություն, ինչը համեմատելի է էլեկտրական հեծանիվների ցուցանիշի հետ և կարող է տեղափոխել մինչև 5 հոգի։ Այս ծառայությունը անվճար է և հասանելի է հեռախոսային հավելվածի միջոցով։
Ամփոփելով այս մոդուլի տեսանյութի թեման՝ առանձնացնենք մի քանի հիմնական սկզբունքներ, որոնք թույլ են տալիս ապահովել առավել ակնհայտ խնդիրների լուծումը․
• այլընտրանքային կամ վերականագնվող էներգիայի աղբյուրների լայն կիրառում՝ հանրային և մասնավոր հատվածներում,
• ենթակառուցվածքների ներդաշնակ ինտեգրում առկա տարածության մեջ,
• նորարարկան ճկուն լուծումներ, որոնք թույլ են տալիս համապատասխանեցնել էներգիայի օգտագործման պիկերը տնային տնտեսություններում և հանրային լիցքավորման կայաններում,
• տրանսպորտային համակարգի բարեփոխումների լայն հանրային քննարկում, տեղեկատվական աշխատանք հանրության հետ,
• ժամանակակից շարժունակության լուծումների հասանելիությունն ապահովող տեխնոլոգիական լուծումներ՝ համադրված համայնքային սոցիալական ծրագրերով։
Լուծումների և տեսական մոտեցումների պրակտիկ կիրառության որոշ օրինակների դուք կկարողանաք ծանոթանալ այս մոդուլի մյուս հատվածներում։